Տեղի ունեցածը խստորեն դատապարտելի է՝ անկախ շարժառիթներից և պատճառներից: Այսօր ԱԺ ամբիոնից, անդրադառնալով «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցներին, հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Այս միջադեպը, բացի ուղղակի հանցագործություն լինելուց, օբյեկտիվորեն առաջացրել են քաղաքական քննարկումներ, քանի որ այդ նույն շենքում տեղակայված են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ինչպես նաև նրա անվան հետ կապվող հեռուստաընկերությունը: Իհարկե, դեռևս տեղեկություններ չկան այն մասին, որ կատարվածն ուղիղ կապ ունի նրա հետ, սակայն անկախ դրանից կատարվածն ահազանգ է իրավապահ մարմիններին, ուժային կառույցներին, դատական իշխանությանը, որոնք շարունակում են իրենց անդեմ և անատամ գործունեությունը՝ պարարտ հող ստեղծելով Հայաստանում՝ ընդհուպ ահաբեկչությանը շատ նման հանցագործությունների կատարման համար»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ այս կրակոցները պետք է սթափության ահազանգ լինեն ՀՀ իրավապահ մարմինների համար, քանի որ այս իրավիճակը, ըստ նրա, անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները:
«Սթափվե՛ք, պարոնա՛յք, այլապես ՀՀ-ն կարող է մտնել այնպիսի շրջափուլ, որի հետևանքները կարող են անդառնալի և կործանարար լինել: Տեղի ունեցածը վկայում է իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում բարեփոխումների անհրաժեշտության մասին»,- ընդգծեց Ա.Բաբաջանյանը:
Նա հայտարարեց, որ 2018-ի թավշյա հեղափոխությունն աննախադեպ էր, քանի որ տեղի ունեցավ առանց զոհերի և առանց արյան, և որոշ ուժեր՝ ներսում և դրսում, ըստ նրա, չեն կարողանում համակերպվել այդ աննախադեպ իրողության հետ և անում են ամեն ինչ՝ արյուն թափելու համար: «Սա լրջագույն մարտահրավեր է՝ ներքին և արտաքին անվտանգությանն ուղղված, մարտահրավեր է ընդդեմ ՀՀ անկախության և անվտանգության»,- եզրափակեց ԱԺ պատգամավորը: