Դերասան և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, «հայ բեմի Չապլինը»՝ Կարպ Խաչվանքյանը, այսօր կդառնար 97 տարեկան: XX դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից մեկը՝ Կարապետ-Կարպ Խաչվանքյանը ծնվել է 1923 թ. հունվարի 23-ին: 1928 թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս:
1944 թ. ավարտել է «Գրուզիաֆիլմին» կից կինոդերասանական ստուդիան: Նույն թվականին նրան հրավիրել են Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը: 1984-1988 թթ. Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:
Խաչվանքյանի առաջին դերը Բոնին էր (Իմրե Կալմանի «Սիլվա» օպերետում), ապա խաղացել է Ալդեմարոյի (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Մակ Հիտի (Բերթոլդ Բրեխթի «Երեքգրոշանոց օպերա»), Սուրենի (Արամաշոտ Պապայանի «Մեծ հարսանիք»), Կնյազի (Ժիրայր Անանյանի «Տաքսի, տաքսի»), Պետրուչչոյի (Վիլյամ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը») և այլ դերեր:
Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ: Նկարահանվել է նաև կինոյում («Արարատյան դաշտի աղջիկը», 1949, «Պատվի համար», 1956, «Ճանապարհ դեպի կրկես», 1963, «Ատամնաբույժն արևելյան», 1981):
Պարգևատրվել է ՀՀ Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1998):