Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ամբիոնից խոսել է հետհեղափոխական ժողովրդավար երկրի ընդդիմության ինստիտուտի մասին: Նազարյանը նշել է, որ ժողովրդավար կառավարող ուժն իսկապես լավ ընդդիմության կարիք ունի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար պարոն Մարուքյանը, կարևորելով իրենց խմբակցության գործունեության մասին հանրային ընկալումները, ջանք չի խնայում՝ բացատրելու, թե ի՛նչ է ընդդիմությունը, ի՛նչ դեր ունի և ինչի՛ համար է պետք: Ցավով եմ նշում, որ անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խցանվել է անցյալում: Անհուսալի կերպով անցյալ համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում իր մոտեցումներով, բառապաշարով, մտածելակերպով ու վախերով: Պարո՛ն Մարուքյան, ձեր ընդդիմադիրությունը դասական է ոչ թե ժողովրդավարությանը բնորոշ լինելու իմաստով, այլ դասական է հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով: Դուք հիմա նույն դերով եք ներկայանում, ինչպիսին մենք ստիպված էինք լինում ներկայանալ նախորդ իշխանության ժամանակ»,- ասել է ԱԺ փոխխոսնակը: