«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած տղամարդը վնասազերծված է: Նրա հետ շուրջ երկու ժամ անձամբ Ոստիկանության պետի պաշտոնակատարը բանակցեց՝ համոզելով հանձնել զենքը:
Ինչպես և պայմանավորվել էին՝ զինված անձը Արման Սարգսյանի ուղեկցությամբ ու նրա ծառայողական մեքենայով տեղափոխվեց ոստիկանություն:
Արդեն երեկոյան Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
Տղամարդու ինքնության վերաբերյալ որևէ հավելյալ մանրամասն չի հաղորդվում, բայց մամուլն արդեն գրում է, որ նա Արթուր Թորոսյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը: