Հայաստանի ու Նիդեռլանդների Թագավորության առևտրատնտեսական կապերը վերընթաց կերպով աճում են: Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ համատեղ ճեպազրույցում այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարը: Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է, որ Ստեֆ Բլոկը Հայաստան է ժամանել Երևանում Նիդեռլանդների դեսպանության մոտալուտ բացման և ՀՀ վարչապետի՝ Նիդեռլանդներ կատարելիք այցին ընդառաջ: ՀՀ վարչապետի՝ Նիդեռլանդներ այցը ծրագրված է գարնանը:
Նախարար Մնացականյանը ներկայացրել է առևտրատնտեսական ցուցանիշների դրական միտումները: Մասնավորապես, Հայաստանից Նիդեռլանդներ արտահանումը մեկ տարվա կտրվածքով երկնիշ աճ է արձանագրել՝ մոտ 26 տոկոս: Ընդհանուր առմամբ, առևտուրը վերջին տարվա ընթացքում աճել է 9.2 տոկոսով:
Հայաստանում փոփոխությունները, ինչպես նաև դարավոր մշակույթը մեծ հետաքրքրություն են առաջացրել Նիդեռլանդների քաղաքացիների համար: Մեկ տարվա կտրվածքով Նիդեռլանդներից Հայաստան այցելուների թիվը շեշտակիորեն աճել է, մոտավորապես, աճը կազմում է 23 տոկոս: Նախարարը համոզված է, որ այս ոլորտն առավել կզարգանա ուղիղ չվերթի բացման պարագայում:
Նախարարի խոսքով՝ մեծ ներուժ կա տնտեսական ոլորտում, խոսքը գյուղատնտեսության, թափոնների վերամշակման, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության բնագավառների մասին է: Նախարար Մնացականյանը հատկանշական է համարել այն, որ ապօրինի միգրացիայի դեմ պայքարում հայ-նիդեռլանդական համագործակցությունն օրինակելի է: Հայաստանն այդ ոլորտում Նիդեռլանդների հետ արդյունավետ փոխգործակցող երկրների շարքում առաջատար տեղ է զբաղեցնում: