«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են.
«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ, բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։
Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»: