Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հարց ուղղեց առողջապահության նախարարին: Չինաստանում նոր վիրուս է հայտնվել, կան նաև մահացու դեպքեր, իսկ հունվարի 19-ից ուժի մեջ մտած համաձայնագրով առանց վիզայի կարելի է ճանապարհորդել Չինաստան, և հակառակը՝ Չինաստանի քաղաքացիները կարող են գալ. արդյոք վտանգներ կա՞ն այս հարցում, հարցրեց պատգամավորը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Այս պահին ինտենսիվ քննարկումներ և հետազոտություններ են ընթանում միջազգային մակարդակով, և մի քանի ժամ առաջ ավարտվել է ԱՀԿ-ում հատուկ արտակարգ ռեժիմով հավաքը, որպեսզի որոշեն, թե աշխարհն ինչպես է արձագանքելու այս նոր մարտահրավերին, և գիշերը՝ մոտ ժամը 22:00-ին, լինելու է հատուկ հայտարարություն, որին մենք հետևում ենք»:
Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ ժամանող ուղևորների ջերմաչափում մշտապես տեղի է ունենում, և այս պահին արձանագրված դեպքեր չկան: Նա ընդգծել է, որ այդ վիրուսի հատուկ բուժման կարիք չկա, դեպքերի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի որևէ միջոցառում ձեռնարկել ՀՀ-ում, կձեռնարկվի: Թորոսյանի խոսքով՝ դեռևս սահմաններ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չկա: