Լիբանանի նոր կառավարությունում նոր հայ նախարար է նշանակվել՝ Վարդինե Օհանյանը, որն առաջադրվել է ՀՅ Դաշնակցություն կուսակցությունից։ Նա նշանակվել է երիտասարդության և սպորտի հարցերով նախարար։
Լիբանանի ժամանակակից պատմության մեջ Վարդինե Օհանյանը առաջին հայուհի նախարարն է։ Մինչև այս նշանակումը նա եղել է «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 29-ից հետո, քաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելով, Լիբանանի նախագահ Միշել Աունը հաստատել է հանրապետության կառավարության նոր կազմը, որում ընդգրկվել են 20 տեխնոկրատ նախարարներ: Նրանք ներկայացնում են երկրի քրիստոնեական և մահմեդական համայնքները։ Նախարարական պաշտոն է զբաղեցրել 6 կին։
Նախորդ կառավարությունում հայ համայնքին հատկացված նախարարական պորտֆելը Ավո Կիտանյանինն էր, նա զբոսաշրջության նախարարն էր։