Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը WhatsApp-ով վիրուսակիր տեսանյութ է ուղարկել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին, որն էլ կոտրել է վերջինի հեռախոսը: Այս մասին հունվարի 22-ին հաղորդել է The Guardian-ը՝ վկայակոչելով Բեզոսի հեռախոսի քրեական փորձաքննության արդյունքներին ծանոթ աղբյուրներին:
Ջեֆ Բեզոսը պարբերաբար առաջին հորիզոնականն է գրավում Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում:
Amazon-ի ղեկավարի հեռախոսը կոտրել են 2018-ի մայիսին և անմիջապես հետո հսկայական տեղեկություն են քաշել: Դրանից մի քանի ամիս հետո այդ տեղեկությունների մի մասը, հատկապես Բեզոսի SMS հաղորդագրություններն ու սիրուհու հետ լուսանկարները, հրապարակվել են ամերիկյան National Enquirer պարբերականում:
The Guardian-ը նյութերի հրապարակումը համարում է վրեժխնդրություն Բեզոսից, որին պատկանող The Washington Post-ը ակտիվորեն լուսաբանում էր սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը: Շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, արքայազն Մուհամմադ բին Սալմանին կասկածում էին այդ սպանությունը կազմակերպելու հարցում: