Կառավարությունը մտադիր է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշումը` բացառած այն դեպքերի, երբ միսը պետք է իրացվի Երևանի սուպերմարկետներում և հանրային սննդի վայրերում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք առաջարկում ենք հետևյալը. այսօր խորհրդակցություն ենք անցկացրել, և տվել եմ կոնկրետ հանձնարարական. մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Բացի դրանից՝ կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ, և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են: Եթե բողոքող հայրենակիցների համար այս առաջարկն ընդունելի է, ուրեմն մենք պատրաստ ենք տյունինգ անել սուբսիդավորվող վարկերը և լիզինգային ծրագրերը, երկրորդ` մինչև հուլիսի 1-ը հետաձգել` բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների և Երևանի ռեստորանային, հանրային սննդի ցանցի, մնացած հատվածում թողնել նույն իրավիճակը` պայմանով, որ հուլիսի 1-ից հետո այդ թեմային չենք անդրադառնալու»,- ասել է վարչապետը:
Կառավարությունը պատրաստ է մինչև փետրվարի 6-ը նաև այլ առաջարկներ լսել, թե ինչպես կարելի է այդ պրոցեսին աջակցել, կայացնել որոշումներ, մինչև մարտի 1-ը լուծել ֆինանսավորուման հարցը, մինչև հուլիսի 1-ը տալ ժամանակ, որպեսզի քաղաքացիները միանան, գումարը վերցնեն, ներդրումն անեն: Բայց հուլիսի 2-ից այդ թեմային այլևս ոչ մի դեպքում, ոչ մի պատճառաբանությամբ չենք վերադառնալու, ՀՀ-ն պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով: