Հունվարի 17-ին 1lurer.am-ը ներկայացրել էր, թե ինչպես են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված ընկերությունները վարչական դատարանում վիճարկել ՊԵԿ-ի՝ իրենց դեմ կազմած ակտերն ու հասել հաջողության։ Հեղափոխությունից հետո ՊԵԿ-ի իրականացրած ստուգումների արդյունքում կազմված ակտերը անվավեր ճանաչելու հարցում սա եզակի դեպք չէ։ Հայկազ Բաղմանյանի որդուն պատկանող գազալցակայանը ևս կարողացել է դատական ատյաններով հասնել իր ընկերության նկատմամբ կազմված ակտի բեկանման։
Գեներալ Բաղմանյանի որդուն՝ Պավել Բաղմանյանին է պատկանում «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է բնական գազալիցքավորման գործունեությամբ Մարտունի քաղաքում։ 2018-ի դեկտեմբերին ընկերությունում համալիր ստուգում է սկսվել ՊԵԿ նախագահի հանձնարարագրի հիման վրա։ «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ ըստ Պետեկամուտների կոմիտեի դիրքորոշման՝ ընկերության ներգրավմամբ հարուցվել է քրեական գործ հարկեր չվճարելու հատկանիշներով, իսկ քրգործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «2018-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին միջին ճշգրտված գործակցով հաշվարկելու պարագայում գազի իրացումը «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ի կողմից պակաս է ցույց տրվել»։ ՊԵԿ ակտով ընկերությանն առաջադրվել է 67.2 միլիոն դրամի լարցուցիչ հարկային պարտավորություն։
«Ստուգման ընթացքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ուսումնասիրության առարկա է դարձվել Ընկերության վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ ակցիզային հարկի հաշվարկները, որոնք էլ համեմատվել են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունից ձեռք բերված գազի ծավալների հետ և նույնացել են: Այնուամենայնիվ պարզվել է, որ որոշ ծավալով իրացված գազի վերաբերյալ տվյալները բացակայում են»,-նշվում է ՊԵԿ-ի հիմնավորումներում։
Դատարանն իր հերթին նշել է՝ ՊԵԿ-ը սեղմված գազի իրացման ու թերհայտարարագրման մասին եզրահանգում կատարելու համար պետք է առկա լիներ հսկիչ-չափիչ սարքերի տվյալներից տարբերվող վերաբերելի տեղեկատվություն, որը վարչական վարույթի նյութերում բացակայում է։ Դատարանը նաև հայտնել է. «Գործի փաստերից ուղղակիորեն հետևում է, որ ստուգվող ժամանակահատվածի համար Ընկերությունն իր գործունեությանը վերաբերող հաշվարկները ներկայացրել է հարկային մարմին: Վարչական վարույթի նյութերում առկա որևէ ապացույցով չի հաստատվում հարկային պարտավորությունների հաշվարկման համար սահմանված տեղեկություններ կամ փաստաթղթեր չներկայացնելու փաստը»։
2019-ի նոյեմբերի 25-ին դատավոր Արկադիկ Մկրտչյանի նախագահությամբ վարչական դատարանը վճռել է անվավեր ճանաչել ՊԵԿ-ի ակտը։
Ուշագրավ է, որ հայցվոր ընկերության սեփականատեր Պավել Բաղմանյանը ևս պետեկամուտների համակարգում է աշխատել, նա եղել է մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի գլխավոր մաքսային տեսուչ։ «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ն տարիներ առաջ հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում. քաղաքացի Թաթուլ Բաղդասարյանը հայտարարել էր, որ գազալցակայանը իր և գեներալ Հայկազ Բաղմանյանի ներդրումներով է կառուցվել՝ պայմանավորվածությամբ, որ ընկերության 30 տոկոսը պետք է պատկանի Բաղդասարյանին։
Շահագործման ժամանակ, սակայն, Բաղմանյանը, ըստ Բաղդասարյանի, հրաժարվել է իրեն դարձնել ընկերության սեփականատերերից։ Դատական ատյաններում այս գործով Թաթուլ Բաղդասարյանը հաջողություն չի ունեցել։