Շարունակելով հեռակա բանավեճը Էդմոն Մարուքյանի հետ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին պատմել է, թե ինչու է հանդիպել Արմեն Աշոտյանին, և ինչ են քննարկել ներկա ու նախկին պատգամավորները:
«Այդ հանդիպումը գաղտնիք չի եղել: Եթե նայեք մամուլը, դա եղել է 7-8 ամիս առաջ, և հրապարակվել է: Խոսակցության թեմաները երկուսն են եղել: Երբ ես ԵԺԿ-ի իմ գործընկերների հետ քննարկում էի ԵԽԽՎ-ում ԵԺԿ խումբ մտնելու մասին հարցը, հաշվի առնելով, որ Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ ասոցացված անդամ է, գործընկերները խնդրեցին, բարեվարքությունից ելնելով, տեղյակ պահել պարոն Աշոտյանին»,- ասել է պատգամավորը:
«Ես առանձնապես սուրճ չեմ խմում, որքանով գիտեմ՝ պարոն Մարուքյանն էլ։ Բայց մի շաբաթ առաջ իրար հետ սուշի էինք ուտում։ Ուղղակի բարոյականությունը ինձ թույլ չի տալիս մանրամասնել, թե սուշի ուտելիս ինչ թեմաներով էր ինձ հետ խոսում պարոն Մարուքյանը և ինչ խորհուրդներ հարցնում»,- այսօր ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուբինյանը:
Մարուքյանն ասել էր, որ երևի Ռուբինյանը նեղվել է, որ իր հետ սուրճ չի խմել: Ռուբինյանը, ի պատասխան, նշել է, որ ինքը սուրճ այդքան էլ չի սիրում, և կոչ է արել Էդմոն Մարուքյանին՝ իր հետ ոչ թե սուրճ խմել, այլ պարզապես կոռեկտ լինել։