Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ «Քաղաքացու հետ հերթական զրույցի» ընթացքում, անդրադարձավ ամենաշատը քննարկված ամանորյա ծախսերի թեմային և ամփոփեց արդյունքները: Վարչապետը հիշեցրեց կառավարության որդեգրած նոր քաղաքականությունը և որոշումը, որով 271 միլիոն դրամ էր հատկացվել Հանրապետության հրապարակի ամանորյա միջոցառումների կազմակերպման համար:
«Կառավարությունը 271 մլն հատկացրեց ամանորյա միջոցառումների անցկացման համար: Դրա նպատակն այն էր, որ զբոսաշրջիկների, մեր հայրենակիցների համար Ամանորը Երևանում անցկացնելը ավելի գրավիչ լինի: Դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը, նախորդ տարվա համեմատ, մենք ունեցել ենք 9 միլիարդ 307 մլն դրամի հավելյալ առևտրաշրջանառություն: Մենք 271 միլիոն հավելյալ գումար ծախսելով՝ կարող ենք ենթադրել, որ նաև դրանով է, որ ապահովել ենք այս 9 մլրդ ավել առևտրաշրջանառությունը: Ամենամեղմ հաշվարկներով՝ այս 9 միլիարդի առևտրաշրջանառության մեջ ներգրավված ընկերությունները, փոքր ձեռնարկությունները վճարելու են 325 մլն դրամի հարկ: Այսինքն՝ 271 մլն դրամը, որ մենք դեկտեմբերին ծախսեցինք, առնվազն կրկին վերադառնալու է պետական բյուջե»,- ասաց նա:
Փաշինյանը նաև ենթադրել է, թե ինչ կլիներ, եթե 271 միլիոնը ոչ թե տոնակատարությունների համար տրամադրվեր, այլ բաժանվեր ինչ-որ չափորոշիչներով ՀՀ քաղաքացիների:
«Դրա արդյունքում այդ 271 միլիոնը կծախսվեր, ինչ-որ թվով մեր սիրելի հայրենակիցներ մեկ կամ երկու օրվա խնդիր կլուծեին, որից հետո իրենք նորից կհայտնվեին այն վիճակում, ինչ վիճակում էին և, որևէ այլ բան մեր երկրում չէր փոխվի: Այս կոնկրետ օրինակով ուզում եմ ցույց տալ, թե մենք ինչ նկատի ունենք ասելով, որ մեր քաղաքականությունը լինելու է աշխատանքի քաջալերման քաղաքականություն, ներառական տնտեսական աճի քաղաքականություն: Յուրաքանչյուր ծախսվող կոպեկի, լումայի ծախսը պիտի կազմակերպենք այնպիսի մեծ շրջագծով, որ դա հնարավորինս մեծ թվով մարդկանց օգուտ տա: Եվ, որ շատ կարևոր է, այդ ծախսի արդյունքում պետական բյուջեից ծախսված փողը ամբողջությամբ հունվարին վերադառնալու է պետական բյուջե: Ստացվեց, որ մենք զրո լումայի կորուստ անելով Հայաստանում ապահովեցինք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ առևտրաշրջանառություն»,-ասաց վարչապետ Փաշինյանը:
Փաշինյանը մանրամասնեց, որ 9 մլրդ հավելյալ դրամաշրջանառությունից շուրջ 4 միլիարդը եղել է մարզերում:
Արագածոտնում տոնական օրերին ապահովվել է 268 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառություն, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀԴՄ կտրոնների շրջանառությունն աճել է 91 տոկոսով: Արարատի մարզում գրանցվել է 254 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն, Արմավիրում՝ 1 մլրդ 777 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն, Գեղարքունիքում՝ 228 մլն դրամի, Լոռու մարզում՝ 249 մլն, Կոտայքում՝ 416 մլն, Շիրակում՝ 342 մլն, Սյունիքում՝ 124 մլն, Վայոց Ձորում՝ 108 մլն դրամի, Տավուշի մարզում՝ 79 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառություն:
Հունվարի 2-ին էլ վարչապետին զարմացրել էր Սևանավանքում զբոսաշրջիկների քանակը:
Վարչապետը նշեց, որ Հայաստանում տոնական օրերին ծախսված 9 միլիարդը օգնել է փոքր և միջին ձեռնարկատերերին հավելյալ եկամուտներ գեներացնել: Տվյալները տեսնելով՝ Փաշինյանը նշեց՝ կարծում է, որ մյուս տարի ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է արվեն Ամանորին, որ ավելի շատ հարկեր գեներացվեն, և որ ավելի շատ ՀՀ քաղաքացիների համար հնարավորություն ստեղծվի, որ նրանք աշխատեն և իրենց աշխատանքով վաստակեն: