Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ իրենց հանձնաժողովի պատգամավորները նամակ են հղել Գերմանիայի Բունդեսթագի գործընկերներին՝ նախորդ շաբաթ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
«Հիշեցնեմ, որ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուզան Մանթաշյանի հետ»,- գրել է Հայրապետյանը։
Նամակում նշվում է, որ մշակույթի ոլորտում նման այլատյաց մոտեցումն անընդունելի է:
«Այն ակնհայտ անարգանք է արվեստի նկատմամբ: Մշակույթը եղել և մնում է ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու, նոր կամուրջներ կառուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը, որը չի ճանաչում քաղաքականություն, ազգային պատկանելություն: Այստեղ պետք է պահպանվեն բոլոր ազգերի և մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների նկատմամբ հարգանքը և հավասարությունը:
Բունդեսթագի մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս մտահոգիչ փաստին: Լիահույս ենք, որ դուք, լինելով ռասայական խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ պայքարի ջատագովներ, հարցը կպահեք ձեր ուշադրության կենտրոնում»: