ՀՀ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: Վարչապետը վերահաստատել է՝ կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Կուտոյանի մահվան բոլոր հանգամանքները բացահայտվեն:
«...բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ էնպիսի մի աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Գիտեք ինչ, վարչապետին ենթական ԱԱԾ պատվո պահակախումբը իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և ԱԱԾ ողջ անձնակազմը մասնակցել է Գեորգի Կուտոյանի հուղարկավորության արարողությանը, մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ որպես էլի կառավարության և վարչապետի ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին: Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ ինչ որ պետք է արվեր՝ արվել է, և նման քննարկումներն էլ անիմաստ է համարում:
Վարչապետը նաև նշել է, որ երբ իրեն զեկուցել են Գերոգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իր միակ հրահանգը եղել է հետևյալը՝ հնարավորիnս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հնարավոր հանցանշանները պահպանվեն, որպեսզի քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա:
«Սա եղել է իմ միակ հրահանգը ոստիկանությանը: Հիմա ինչքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, քննության ընթացքում կպարզվի»,- նշել է նա:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ եթե նաև մերձավոր շրջապատի կողմից աջակցություն լինի, գործը 100 տոկոսով կբացահայտվի՝ բոլոր հանգամանքներով: