Ազգային ժողովում այսօր չընդունվեց ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու նախագիծը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով քաղաքական մեծամասնությանը, նշեց. «Հենց այս քաղաքական մեծամասնության գործողությամբ ցույց տվեցիք, որ դուք քաղաքական կամք չունեք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար: Հարցը խորհրդարանի հարթակում է եղել, և Երևանի ավագանին չի որոշում խորհրդարանի լիազորությունների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելը: Եթե կարծում եք, որ Երևանի ավագանին է որոշելու մեր լիազորությունները, ես ուղղակի հիասթափված եմ և ուզում եմ ասել, որ սա վատ նախադեպ է»,- ասաց Է. Մարուքյանը: Պատգամավորն ընդգծեց, որ այդպիսի նախադեպ չի եղել անգամ նախկին խորհրդարաններում՝ որ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման ձևով տապալվեն, և որ դա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու:
Նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և Էդմոն Մարուքյանի միջև բանավեճ տեղի ունեցավ: Ռուբինյանը կոչ արեց Մարուքյանին կոռեկտ արտահայտվել՝ նշելով. «Եթե դուք կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ նախկին գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»: