Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ:
Վրաստանի վարչապետը նախագահ Սարգսյանին է փոխանցել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջերմ բարեմաղթանքները:
Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի շուրջ: Նրանք նշել են, որ երկու երկրներն ունեն համագործակցության շատ լայն սպեկտր և հսկայական ներուժ: Ընդգծելով, որ փոխշահավետ համագործակցության արդյունքները ծառայելու են երկու երկրների քաղաքացիների բարեկեցությանը՝ զրուցակիցները կարևորել են գործնական քայլերի և համատեղ ծրագրերի իրականացումը:
Կողմերը նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում: