ՀՀ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ դժվարանում է ընկալման տեսակետից մեկնաբանել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու որոշումը: Նախարարը շեշտում է` կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակի դեպքում չպետք է նման միջոցներ կիրառել: Բադասյանը հայտնել է, որ տեղեկություններ են եղել, որ Գրիգորյանի առողջական խնդիրները խորացել են։
«Մեր տիրույթում չի եղել, եղել է առավել շատ իրավապահ մարմինների տիրույթում, և նման որոշում է կայացվել, որ նման դեպքում կալանքի հետագա կրումը, ազատությունից զրկված վիճակը չի կարող որևէ նպատակ հետապնդել: Իսկ հասարակական ընկալման տեսանկյունից դժվարանում եմ մեկնաբանել, սակայն փաստ է, որ եթե անձը այնպիսի առողջական վիճակ ունի, որն անհամատեղելի է կալանքի կամ ազատազրկման հետ, նման միջոցներ չպետք է կիրառվեն»,- պարզաբանել է արդարադատության նախարարը: