Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը 2013 թ. ապրիլին հաստատված կարգի խախտմամբ հայտարարել է մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների թափուր դասաժամերի մրցույթ, որին մասնակցել է համապատասխան որակավորում չունեցող մի կին։ Մրցույթն անցնելուց հետո նա դասավանդել և ստացել է աշխատավարձ, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Այլ փաստական տվյալների համաձայն՝ Օհանավան համայնքի ավագ դպրոցի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր անվամբ դասաժամեր է ձևակերպել, որոնց վերաբերյալ փաստաթղթերը բացակայում են։ Այս ամենի հետևանքով դպրոցի բյուջեից յուրացվել է 1 միլիոն 200 հազար դրամից ավելի գումար։ Բացի դրանից՝ տնօրենը, առանց մրցույթ հայտարարելու, առանց հանձնման-ընդունման ակտերի, տեխնիկական բնութագրի, վճարման ժամանակացույցի փաստաթղթերի դպրոցի ջեռուցման համար մի քանի կազմակերպությունից ձեռք է բերել ընդհանուր 6 միլիոն 170 հազար դրամից ավելի դիզելային վառելիք, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ծանր վնաս։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ տնօրենին 2017-ին փոխարինել է կինը, որը ամուսնուն հրամանագրել է որպես հոգեբան՝ առանց համապատասխան որակավորման փաստաթղթերի, ինչի հետևանքով վատնման եղանակով հափշտակվել է 590 հազար դրամից ավելի գումար։
Դեպքերի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում քրեական գործեր են հարուցվել, որոնք ուղարկվել են տարածքային քննչական բաժին։