«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարին՝ հետաքրքրվելով, թե հանրակրթական ոլորտում դպրոցների մանկավարժների, դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգում ի՞նչ փոփոխություններ կան:
Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, որ «անցած տարի մենք որոշում ենք կայացրել այս տարվա բյուջեով 3.5 անգամ ավելացնել ճանապարհածախսի համար հատկացվող գումարները: Շեշտակի փոփոխություններ են եղել ընդգրկված դպրոցների, ուսուցիչների քանակով: Մոտ 5 անգամ ավելացել է ընդգրկված դպրոցների թիվը, և մոտ 3 անգամ ավելացել է ուսուցիչների թիվը, որոնք ընդգրկված են այս ծրագրում»: Նախարարը տեղեկացրեց նաև, որ մարզերում դիտարկումներ են արվել, որոնք կհավաքվեն, և փոփոխություններ կիրականացվեն կարգում: