ԱՄՆ Սենատում մեկնարկել է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացի մաս կազմող դատավարությունը: Առաջին նիստում Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ Մաքքոնելը առաջարկել է բանաձև «արագացված» գործընթացի վերաբերյալ: Ըստ դրա՝ մեղադրող կողմին և պաշտպանությանը կտրամադրվի 24 ժամ՝ երկու օրվա ընթացքում՝ իրենց փաստարկները ներկայացնելու համար: Դա երկու անգամ արագ է, քան 20 տարի առաջ Բիլ Քլինթոնի իմփիչմենթի ժամանակ էր: Այնուհետև կողմերը հանդես կգան բացման խոսքով:
Թրամփի դեմ Սենատի դատական գործը կկենտրոնանա երկու մեղադրանքների վրա, որոնք նախկինում քննարկվել են Ներկայացուցիչների պալատում` լիազորությունների չարաշահում և խոչընդոտում Կոնգրեսի անցկացրած հետաքննությանը:
Դատավարության ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի յոթ ներկայացուցիչ Սենատում հանդես կգան որպես դատախազներ: Նրանց թվում են Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը և Իրավաբանական հանձնաժողովի նախագահ Ջերրի Նադլերը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ նախագահ Թրամփի պաշտոնանկության վերաբերյալ լսումների ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կանխել են Ուկրաինային վերաբերող հավելյալ փաստաթղթեր ստանալու դեմոկրատների պահանջը: Դրանք տրամադրելուն դեմ է հանդես եկել 53, կողմ՝ 47 սենատոր: Դեմոկրատները պահանջել են ներկայացնել Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կապերի, նաև Ուկրաինայի ռազմական օգնության հետաձգման վերաբերյալ փաստաթղթեր: