ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու օրենքի նախագծին:
Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: