Ծննդօգնություն իրականացնող 7 կազմակերպությունների ֆինանսավորումը դադարեցնելու հարցը Հայաստանում թեժ քննարվում է վերջին շրջանում: Վարչապետ Փաշինյանը նշեց, որ հետևել է քննարկումներին և երբ իմացել է, որ Մարալիկի ծննդատունը սպասարկում է հարակից 25 գյուղերին, իրեն հետաքրքրել է, թե այդ գյուղերում ինչու ծննդատներ չկան, և ինչու պահանջ չի դրվում, որ բոլոր բնակավայրերում ծննդատներ լինեն:
«Ինչու պահանջ չենք դնում, որ բոլոր բնակավայրերում ծննդատներ լինեն: Որովհետև դա տրամաբանական պահանջ չէ: Դա մոտավորապես նույնն է, որ մենք պահանջենք, որ Երևանում բոլոր շենքերի մոտ ծննդատներ լինեն: Եթե մենք խնդիր չունենք, որ ծննդկանը մեքենա նստի և 25 կմ գնա, հասնի Մարալիկ, ինչու խնդիր ունենք, որ այդ նույն բնակիչը 25 կմ կտրի և հասնի Արթիկ, 25 կմ կտրի և հասնի Գյումրի: Եթե, Աստված չանի, այդ ծննդատանը մի դեպք լինի, և հետո պարզվի, որ այնտեղ չկա համապատասխան տեխնիկա, այնտեղ չկան մասնագետներ, այնտեղ բժիշկները տարեկան իրենց միջին մասնագիտական ծանրաբեռնվածությունից ցածր աշխատելու պատճառով կորցնում են իրենց պրոֆեսիոնալիզմը, գալու եք ասեք՝ կառավարություն, բա դուք ի՞նչ էիք անում էսքան ժամանակ: Բա դուք չգիտեի՞ք, որ այնտեղ այս խնդիրը կա:
Անկեղծ ասած, ես զարմացա, որ հեռուստացույցով տեսա Մարալիկի ծննդատան բուժաշխատողներին, որոնք հիվանդանոցային խալաթներով և ոտնամաններով դուրս էին եկել և փողոցներում քայլում էին ու նույն ոտնամանով գնալու էին ծնունդ ընդունելու: Ռազմավարական մակարդակում պետք է լուծենք երկու խնդիր՝ հասանելիության խնդիրը: Ավելի լավ ա՝ ամեն գյուղում ճանապարհ կառուցենք, շտապօգնության մեքենա դնենք, որ ծննդկանի հետ կապված խնդիր լինի՝ ոչ թե իրենց մեքենաները նստեն, այլ շտապօգնությունը մոտենա, արագ մարդուն հասցնի տեղ: Ֆինանսավորման կրճատման մասին խոսք չկա, որովհետև կառավարությունը ֆինանսավորումն ավելացրել է»,- ասաց վարչապետը: