Խորհրդարանը քննարկում է քրեական ենթամշակույթ կրող անձանձ վերաբերող օրենքի նախագիծը: Պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո պատգամավորների միջև թեժ բանավեճ սկսվեց, որը վերածվեց քաշքշոցի:
ԱԺ ամբիոնից Արման Բաբաջանյանն ասաց, որ նախկինների սոցիալական բազան քրեական հեղինակություններն են, և իրենք դեռ շատ անելիքներ ունեն։ Նա հույս հայտնեց, որ բոլորը միակամ կլինեն: Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, որը դահլիճում ներկա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ՝ «երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»:
Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում անդրադարձավ Գևորգ Պետրոսյանի ելույթին և ասաց՝ հուսով է, որ ԲՀԿ-ական պատգամավորը ներողություն կխնդրի:
Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, որը ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:
«Իմ քայլի» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին:
Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,
4) անչափահասի ներգրավմամբ,
5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: