Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությումբ և կարևորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին փոխվարչապետին է ներկայացրել ԱԶԲ-ի կողմից հաստատած Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը և Գործառնությունների 2020-2022 թթ. ծրագիրը:
Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի ներառական աճին ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի միջոցով։
Այս համատեքստում Տիգրան Ավինյանը մատնանշել է մասնավոր հատվածին ԱԶԲ-ի կողմից աջակցության ծավալների ավելացման կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքը և առկա հարցերը: Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։ Քննարկվել է նաև Հայաստանի տրանսպորտի ռազմավարության մշակման և քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացմանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը։