Մոսկվայաբնակ լրագրող Վլադիմիր Մկրտչյանը վեց տարեկանում հեղինակած նկարը համացանցում վաճառքի է դրել՝ այն գնահատելով 140 միլիոն ռուբլի (ավելի քան 2 մլն դոլար): 1984-ին նկարված «Կարմիրբանակայինը ձիու վրա» կոչվող նկարը հայտնվել է արաբական երկրների գնորդների ուշադրության կենտրոնում:
Սաուդյան Արաբիայից մի լրագրող հայտարարությունը հրապարակել էր Twitter-ի իր միկրոբլոգում, որտեղ ունի ավելի քան 4 միլիոն հետևորդ: Վլադիմիր Մկրտչյանն այնուհետև պատմել է, որ իր հեռախոսը «պայթեցրել» են արաբական երկրների զանգերը: Մկրտչյանի խոսքով՝ առաջարկներ եղել են նաև աճուրդային տներից ու պատկերասրահներից: Սակայն առավել իրատեսական եղել է 12 միլիոն ռուբլով նկարի գնման առաջարկը: Սակայն Վլադիմիր Մկրտչյանն այդ գումարն «անընդունելի» է անվանել: Նրա հավաստմամբ՝ այդ նկարի համար նվազագույն գումարը 140 միլիոն ռուբլին է: