Ազգային ժողովն այսօր քննարկել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, անդրադառնալով պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցին, թե ինչպե՞ս է որոշվել պետական տուրքի արտոնություն տրամադրել միայն ԶԼՄ-ներին, քանի որ կան նաև հիմնադրամներ, որոնք զբաղվում են վերլուծական աշխատանքներով, և ինչպե՞ս է պետռեգիստրը կողմնորոշվելու՝ դիմողը ԶԼՄ է, թե՞ ոչ, նշել է. «Զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող անձը սահմանվում է համապատասխան օրենքում: Իրավունք ունեն լրատվական գործունեություն իրականացնող անձինք և ԶԼՄ-ները: Այս նախաձեռնությունը բխում է Կառավարության ծրագրից, որով նախատեսվում էր բացել համակարգը հենց զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող անձանց համար, և այդ է պատճառը, որ այս փուլում ՀԿ-ները դուրս են մնացել ցանկից»,- նշել է Գալյանը:
Սրբուհի Գալյանը նաև ընդգծել է, որ եթե լինի այնպիսի իրողություն, որ այդ մարմինները զբաղվեն լրատվական գործունեությամբ և ներկայացնեն համապատասխան հայտ ու նշեն այդ մասին, ապա նրանք ևս հասանելիություն կունենան: Համակարգը կատարելագործելուց հետո պետռեգիստրը սպասարկող էլեկտրոնային համակարգի տվյալները հասանելի կդառնան բոլորի համար՝ որոշակի սահմանափակ ծավալով:
Գալյանը նաև նշել է, որ համացանցային լրատվական գործունեություն իրականացնողները ևս կարող են հասանելիություն ունենալ պետական միասնական գրանցամատյանին և ստանալ համապատասխան տեղեկություններ: