Ազգային ժողովում այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում ընդգծել է, որ հեղափոխությունից շուրջ երկու տարի անց լրջագույն խնդիրներ կա պետության ու հասարակության համար կենսական նշանակության ոլորտներում՝ իրավապահ մարմիններում և դատական համակարգում:
«Միայն մղձավանջային երազում կարելի էր պատկերացնել, որ հեղափոխությունից հետո Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած անձը դառնալու է ռուսահայ օլիգարխներից մեկի գլխավոր «ախրաննիկը», իսկ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը պաշտոնաթողությունից հետո ամեն օր սպառնալու է իշխանությանը շանտաժներով և այլ գրառումներով: Այս ամենի հետևանքով այսօր երկրում կրկին գլուխ է բարձրացրել հանցավորությունը, և դրա հետևանքն է այն իրողությունը, որ հեղափոխությունից հետո վախվորած օլիգարխներն այսօր սկսել են վերանվաճել իրենց նախկին դիրքն ու ազդեցությունը, իսկ դրան գումարվում է նաև անցյալի մնացուկ դատական համակարգի խայտառակ պատկերը»,- նշել է Բաբաջանյանը:
Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանին, նշելով. «2017 թվականի համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների վավերացման պետության զավթումը վավերացրած Սահմանադրական դատարանի այսպես կոչված անդամները շարունակում են դիրքավորված մնալ հատուկ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, նրանց կամակատար, հանցագործ, թալանչի պաշտոնյաների պաշտպանության համար՝ փորված խրամատում: Մամուլում ՍԴ առանձին անդամների վերաբերյալ անհանգստացնող հրապարակումներ կան, որոնք ոչ միայն սասանում են ՍԴ հեղինակությունը, այլև մեծապես հարվածում են մեր պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը: Ստեղծված իրավիճակի պատճառով օլիգարխները, որոնք հեղափոխությունից հետո մկան ծակ էին փնտրում մտնելու համար, հիմա ստանձնում են իրենց դիրքերը և կազմավորում են նախկին բանդաները, որովհետև խոսքից բացի ուրիշ բան չի եղել մեզանում: Երկու տարվա մեջ թալանչի ոչ մի օլիգարխի և նախկին պաշտոնյայի դեմ օրինական ուժի մեջ մտած ոչ մի դատավճիռ չկա»,- ընդգծել է պատգամավորը:
Արման Բաբաջանյանը կոչ է արել բոլորին, իշխանությանը, խորհրդարանին՝ ավելի հետևողական և արագ գործելու՝ օրինական, վճռական, բայց հատու քայլերով ու միջոցներով: «Վեթինգ, անցումային արդարադատություն, իրական բարեփոխումներ դատական համակարգում պետության բռնազավթման վերաբերյալ քաղաքական գնահատական. սա գործողությունների ու քայլերի ոչ ամբողջական, բայց անհրաժեշտ քայլերի համախումբ է»,-ընդգծել է Բաբաջանյանը: