Հունվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Սա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Նիդեռլանդների ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցելությունն է Հայաստան, որը լավ հնարավորություն է գնահատելու երկկողմ օրակարգը և նոր թափ հաղորդելու երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հատկանշական է, որ նախարարի այցին նախորդել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ ՀՀ-ում դեսպանություն հիմնելու վերաբերյալ: Վերոնշյալ որոշումը Նիդեռլանդների՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական փոփոխությունների աջակցության հստակ ազդակն է:
Անկախությունից ի վեր Նիդեռլանդների կառավարությունն աջակցել է Հայաստանում կյանքի կոչվող զարգացման ծրագրերին:
Հայաստանի և Նիդեռլանդների միջև համագործակցությունն ընթանում է մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, ՏՏ, մշակութային, արդարադատության, տարածքային ենթակառուցվածքների, ապակենտրոնացված համագործակցության և այլն։ Ակտիվանում են գործարար կապերը, մասնավորապես, գյուղատնտեսության, կաթնարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների համատեքստում մեծ նշանակություն ունի նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես նաև կարևոր գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար: 2019 թ. դեկտեմբերի 12-ին Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Սենատը նույնպես վավերացրել է համաձայնագիրը։ Այժմ այն ներկայացվել է թագավորի հաստատմանը։
2019 թ. հոկտեմբերին կազմավորվել է Նիդեռլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակը, որում ներգրավված են քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչներ: Շրջանակը հայկական կողմից ղեկավարում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Նիդեռլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը:
ԼՂ հիմնախնդրի հարցում Նիդեռլանդները հանդես է գալիս ԵՄ ընդհանուր դիրքորոշմամբ` աջակցելով հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին:
Հայաստանը և Նիդեռլանդները սերտորեն համագործակցում են միջազգային կառույցների շրջանակում: Սա ևս մեկ ուղղություն է, որտեղ կարող է առավել արդյունավետ և ներառական համագործակցություն ծավալվել երկու երկրների միջև: Հայաստանը և Նիդեռլանդները համագործակցում են միջազգային ասպարեզում ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի համահեղինակման միջոցով:
2018 թ․ փետրվարի 22-ին Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում: Նույն նիստի ժամանակ ընդունվել է մեկ այլ որոշում, որը կանոնակարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին Նիդեռլանդների կառավարության մասնակցությունը։ 2019 թ. հունիսի 11-ին Նիդեռլանդների Խորհրդարանի լիագումար նիստում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտման և արդարացման փորձերը դատապարտող բանաձև:
2019 թ. հունվարի 28-ին Դավոսում միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հետ։
2019 թ. փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։
2019 թ. մարտի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև։
2019 թ. հոկտեմբերի 9-11-ը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական այց է կատարել Նիդեռլանդների Թագավորություն:
2019թ. նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի):
Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը Նիդեռլանդների հետ 2019 թ. հունվար-հոկտեմբերին ըստ ապրանքի ծագման երկրի կազմել է 162 617.1 հազ. ԱՄՆ դոլար, որը 2018 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 9.2%-ով, իսկ ըստ արտահանող երկրի` 246 491.9 հազ. ԱՄՆ դոլար, որը 2018 թ. հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 38.9%-ով: Արտահանումը Հայաստանից Նիդեռլանդներ աճել է 26.7%-ով և կազմել է 132 128.6 հազ. ԱՄՆ դոլար:
2019 թ. հունվար-սեպտեմբերին նիդեռլանդական ներդրումները հիմնականում իրականացվել են մետաղական հանքաքարի արդյունահանման, ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեության համակարգչային տեխնոլոգիաների գործունեության ոլորտներում:
2019 թ. 1-ին կիսամյակում Հայաստանից Նիդեռլանդներ արտահանված և աճ ապահոված հիմնական ապրանքատեսակներն են, ի թիվս այլոց, երկաթահամահալվածքը, ալյումինե նրբաթիթեղը, հագուստը, ալկոհոլային խմիչքները, համակարգիչները և դրանց բլոկները:
2019 թ. 1-ին կիսամյակում Հայաստան Նիդեռլանդներից ներմուծված և աճ ապահոված հիմնական ապրանքատեսակներն են՝ դեղամիջոցները, տնկաշիվերը, կենդանի այլ բույսեր, գյուղատնտեսական նշանակության ապրանքները, շարժիչային փոխադրամիջոցները և այլն:
Դրական դինամիկա է առկա զբոսաշրջության բնագավառում. Նիդեռլանդներից Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը 2019 թ. հունվար-սեպտեմբերին կազմել է՝ 12155, ինչը 23%-ով ավելի է 2018 թ. հունվար- սեպտեմբեր ամիսների համեմատ: