ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը: Խոսքը Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մասին է, որը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:
Օրենսգիրքը լրացվում է նոր հոդվածով, որով առաջարկվում է. զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով: Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:
Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին:
Օրենքի նախագիծն ընդունվել է միաձայն՝ 120 կողմ ձայնով: