Երևան համայնքին աղբատար տրանսպորտային միջոցներ նվիրաբերելու դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նախագծման և շինարարության թույլտվություններ տրամադրելու և ինքնակամ կառույցներ օրինականացնելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա Երևան քաղաքի դատախազությունից պահանջվել են դրանց վերաբերյալ փաստաթղթեր:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Տերյան 5», «Ն և Ս քոնսթրաքշն», «Էյ ԸՆԴ Փի գրուպ», «ԷյչԲիԷմ գրուպ» ՍՊ ընկերություններին, «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերությանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը տրամադրվել են, համապատասխանաբար, նախագծման, քանդման և (կամ) կառուցապատման թույլտվություններ, իսկ քաղաքացի Շողերինա Մկրտչյանի ինքնակամ կառույցը օրինականացվել է:
Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործընթացներն իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ, և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել:
Ավելին՝ պարզվել է, որ, օրինակ, շինության նախագծման թույլտվությունը «Տերյան 5» ՍՊ ընկերությանը տրվել է 2017 թ.՝ սահմանելով շինության վերգետնյա բարձրության մինչև 75.4 նիշ, սակայն 2019 թ. տրված շինարարության թույլտվությամբ սահմանվել է բարձրության ավելի պակաս՝ 56 նիշ:
Պարզվել է նաև, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն», «ԷյչԲիԷմ գրուպ», «Ավանգարդ մոթորս» ՍՊ ընկերությունները, ինչպես նաև «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊ ընկերությունը, որը, ըստ հրապարակումների, կապված է «Էյ ԸՆԴ Փի ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության և քաղաքացի Շողերինա Մկրտչյանի հետ, Երևան համայնքին նվիրաբերել են 19 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ աղբատար, իսկ «Տերյան 5» ՍՊԸ-ն նվիրաբերության պայմանագրով պարտավորվել է նվիրաբերել անշարժ գույք:
Նվիրաբերություն կատարած «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ-ին կամ դրան փոխկապակցված անձանց Երևանի քաղաքապետարանի կողմից թույլտվություններ չեն տրամադրվել:
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրաբերություններ կատարելն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում: