Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպական
հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, այլք:
Նախարարը եվրոպացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ
համագործակցության համար և, ներկայացնելով արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, տեղեկացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկի մասին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև դատաիրավական և ոստիկանության ոլորտի բարեփոխումների զարգացումներին:
Վասիլիս Մարագոսը կարևորել է Կառավարության՝ հատկապես արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը, և Եվրոպական միության բազմակողմանի աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությունների իրականացման հարցում: