Հունվարի 21-ին Թումո Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար տեղի ունեցավ Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնը գտնվելու է Բեռլինի արևմտյան հատվածում` պատմական Շառլոտենբուրգ թաղամասում: Այն իր դռները կբացի այս տարվա հոկտեմբերից` անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների անդամներ, երկու երկրներում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո կենտրոնի և KfW բանկի ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարևոր են մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որ չունեն սահման»:
Թումո Բեռլինի հիմնադրման ծրագիրն իրականացվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ: Ինչպես իր խոսքում նշել է KfW բանկի գործադիր խորհրդի անդամ Ինգրիդ Հենգսթերը` կրթական ոլորտը իրենց ուշադրության կենտրոնում է. «Աջակցությունը կրթական ոլորտին KfW-ի հիմնական առաջնահերթություններից է: Թումոյի հետ իրականացվող այս նորարարական ծրագրով նպատակ ունենք տարածել թվային կրթությունը այն երկրներում, որտեղ KfW-ն ունի համագործակցություն: Միայն միմյանցից սովորելու դեպքում մենք իսկապես կարող ենք հաջողել այս թվային դարաշրջանում: Ուստի, ես հույս ունեմ, որ Գերմանիայում կգտնենք շատ գործընկերներ այս ծրագիրն իրականացնելու համար»:
Թումո Բեռլինի ուսանողները մասնագիտանալու են ծրագրի 10 ոլորտներում՝ ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, նկարչություն, լուսանկարչություն և ռոբոտաշինություն:
Խոսելով կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ընդգծել է. «Այն կրթական ծրագիրը, որը KfW-ի ու Թումոյի ջանքերով մեկնարկում է Բեռլինում, հավակնոտ է: Այն ընդգրկելու է տեխնոլոգիաների և դիզայնի ամենաարագ զարգացող ոլորտները, ինչպես նաև իրականացնելու է արհեստական բանականության, հաշվողական գրաֆիկայի, ալգորիթմային երաժշտության նախագծեր. այն տալու է բազմաթիվ հնարավորություններ հայտնաբերելու ապագայի մասնագիտությունները և պատրաստ լինելու դրանց»:
Բեռլինը Թումոյի հաջորդ միջազգային ուղղությունն է: Ծրագիրն արդեն գործում է Փարիզում և Բեյրութում, նախապատրաստվում է նաև բացել կենտրոններ Մոսկվայում, Տիրանայում, Տոկիոյում և այլ քաղաքներում: