Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2019 թ. արդյունքների ամփոփմանը և 2020 թ. անելիքներին:
Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ 2019-ին Արցախի պաշտպանության բանակը վստահորեն իրականացրել է իր առջև դրված խնդիրները, ապահովել է երկրի և ժողովրդի անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, և ՊԲ անձնակազմը իր այդ առաքելությունը իրականացրել է քրտնաջան ու անձնվեր ծառայության շնորհիվ:
Բակո Սահակյանը 2019 թ. բանակաշինության ոլորտում իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքները, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար, տվել համապատասխան հանձնարարականներ ընթացիկ տարում իրականացվելիք հիմնական խնդիրների վերաբերյալ:
Արցախի նախագահն ընդգծել է, որ պաշտպանության բանակը միշտ եղել է և կմնա Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը՝ համոզմունք հայտնելով, որ բանակը, ինչպես միշտ, կանի հնարավորը` դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ: