Այսօր Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան ժողովի, իսկ երեկ՝ կրթության նախարարների Կրթական համաշխարհային ֆորումի աշխատանքների մեկնարկին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել քաղաքականություն մշակողներին` անդրադառնալ հանրային կրթության ծախսերում այս «ամոթալի» անհամամասնությանը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է նոր ուսումնասիրություն, ըստ որի՝ աշխարհում ամենաաղքատ տնային տնտեսություններում ապրող դեռահաս աղջիկների յուրաքանչյուր 3-ից 1-ը երբևիցե դպրոց չի հաճախել։
Իրավիճակը Հայաստանում
0-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում կազմել է 33%. քաղաքներում` 38%, գյուղերում` 23%:
Ինչ վերաբերում է Հայաստանում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաներին, ապա մինչև 6 տարեկան երեխաների 0%-ն է հաճախում նախադպրոցական հաստատություն՝ մանկապարտեզ կամ նման կենտրոն։
Ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 11%-ը տարրական դպրոց, 48%-ը՝ ավագ դպրոց չի հաճախում, ավելին՝ նրանց 100%-ը կրթությունը չի շարունակում բուհում։
Բարձրագույն կրթական հաստատություններում սովորում են ոչ աղքատ ընտանիքներում ապրող երեխաների 39%-ը, աղքատ ընտանիքներում ապրող երեխաների 26%-ը և ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների 0%-ը: