Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպը մեկնաբանելով ներողություն է խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:
«Եթե պատգամավորը իրեն թույլ է տալիս մոտենալ մեկ այլ պատգամավորի, որը ելույթ է ունենում, և հոխորտալ, եթե պատգամավորը թույլ է տալիս նիստերի դահլիճում սեռական բնույթի հայհոյանք հնչեցնել քաշքշուքների ժամանակ: Թե՛ պարոն Աբովյանը, թե՛ պարոն Ծառուկյանը այսօր երեկոյան հավաքվելու և շատ լուրջ քննարկելու բան ունեն կարգապահական առումով: Որովհետև ամեն անգամ հրահրել և նման իրավիճակ ստեղծել ես անընդունելի եմ համարում»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:
Ալեն Սիմոնյանը, խոսելով պատգամավոր Գևորգ Պետրոսյանի մասին, նշել է, որ իր կարծիքով՝ Ազգային ժողովը նրա տեղը չէ:
«Ես կարծում եմ՝ ինքը հին աշխարհում մնացած մի անձնավորություն է, որը չի հասկացել ու դժվար թե հասկանա, թե Հայաստանում ի՛նչ է տեղի ունեցել»,- նշել է Սիմոնյանը: