Ազգային ժողովը քննարկել է Կառավարության ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ այդ փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրան մասնակցելու կամ ներգրավելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար: Բադասյանն ընդգծել է, որ քննարկումներ կային, որ իրավական որոշակիության կանոնի հետ խնդիր կա, և հասկացությունները պետք է ավելի պարզ լինեն: «Այդ քննադատությունը հաշվի առնելով՝ մենք «քրեական աստիճանակարգության բարձրագույն անձ» հասկացության մեջ ներառել ենք, թե ինչի՛ մասին է խոսքը՝ ներառելով հանրամատչելի «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» հասկացությունները, իսկ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը» ներառվել է «գողական աշխարհ» հասկացությունը, որը հանրամատչելի է»,- նշել է Բադասյանը: