Տավուշի մարզպետարանն ու Երևանի Եռամարտի ակումբը Տավուշի մարզի աշակերտների տոկունությունն ու առողջությունը բարելավելու նպատակով 2020 թ. փետրվարից մարզի ավագ դպրոցների բոլոր ցանկացողների ներգրավումով կձևավորեն վազքի մարզական ակումբներ: Մարզումներին պարտաճանաչ մասնակցող և մրցույթների ժամանակ հաղթող աշակերտները կստանան բազմաբնույթ մարզական մրցանակներ, իսկ հաղթող երեքական տղա և աղջիկ բուհ ընդունվելիս կապահովվեն կրթաթոշակով:
Սա աշխարհի զարգացած երկրների լավագույն փորձն է՝ դպրոցական մարզական ակումբների ստեղծման միջոցով խթանել սպորտի մեջ աշակերտների ներգրավվածությունը, առողջ ապրելակերպը, առողջ մրցակցությունը:
Երևանի Եռամարտի ակումբն արդեն հինգ տարեկան է, սակայն հասցրել է կազմակերպել 50-ից ավելի մարզական միջոցառումներ/մրցումներ ՀՀ տարբեր մարզերում՝ մարաթոններ, բարեգործական վազքեր, արահետային վազքեր, լողանցումներ, հեծանվավազքեր: Ակումբի անդամները մասնակցել են մի ամբողջ շարք հեղինակավոր միջազգային մրցաշարերի՝ Իտալիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում (IronMan Italy, Ironman Switzerland, Ironman Dubai, Moscow Marathon, Berlin Marathon, Chicago Marathon, New York Marathon) և այլուր: