Վայոց ձորի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի բնակչի կողմից անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի և առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վայոց ձորի բնակիչը՝ ծնված 1991 թ., շորթմամբ հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի օգոստոս ամսին «Օդնոկլասսնիկի.ռու» սոցիալական ցանցում կեղծ տվյալներով գրանցված իր անհատական էջով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչի հետ: Վերջիններս մտերմացել են, ինտիմ բնույթի հաղորդագրություններ ուղարկել միմյանց, որից հետո անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2016 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, վճարային համակարգերով փոխանցման եղանակով, շորթմամբ մաս-մաս ստացել է ընդհանուր 3.244.985 ՀՀ դրամ գումար՝ Երևան քաղաքի բնակչին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Բացի դրանից՝ 2017 թվականի մայիս ամսին 29-ամյա տղամարդը, նույն եղանակով ծանոթանալով Երևան քաղաքի մեկ այլ բնակչի հետ, մտերմացել է վերջինիս հետ և, անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2017 թվականի մայիսի 8-ին վերջինիս վճարային տերմինալով իրեն զգալի չափերի գումար փոխանցելու պահանջ է ներկայացրել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: