Հայրենիք մշտական բնակության վերադարձող քաղաքացիների համար արտոնություն սահմանող մաքսային օրենքի փոփոխություններն, ըստ ամենայնի, ուժի մեջ կմտնեն 2020-ի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: Արտոնությունից կարող են օգտվել ոչ միայն արտասահմանից Երևան մշտական բնակության եկողները. արտասահմանում ապրող, բայց Հայաստանի գրանցումից դուրս չեկած անձանց ևս թույլ կտրվի ունեցվածքը Հայաստան բերել առանց մաքսազերծելու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ արտոնությունից օգտվելու հնարավորություն տվող երկրից բացակայության ժամկետը փոխվել է. նախկին 5 տարին կրճատվել է 3-ի, որ ավելի շատ մարդ կարողանա վերադառնալ տուն: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն էլ տեղեկացրել է, որ զգալի թեթևացվել է վարչարարությունը, ամեն ինչ արվել է, որ հայրենադարձ քաղաքացիները սահմանին խոչընդոտներ չունենան:
Արտոնությունից կարելի է օգտվել միայն մեկ անգամ: Չեն արգելի մի տան հաշվով նույնիսկ 6 մեքենա բերելը, միայն եթե դրանք որպես սեփականություն ձևակերպված լինեն ընտանիքի տարբեր անդամների անունով և Հայաստան վերադարձից առնվազն վեց ամիս առաջ: ՊԵԿ-ը խիստ վարչարարություն է սահմանել այն դեպքերի համար, երբ կնկատվի, որ, արտոնությունը չարաշահելով՝ փորձում են այն օգտագործել առանց մաքսազերծման որևէ ապրանք Հայաստան ներմուծելու համար:
Շուշանիկ Ներսիսյանն ասաց՝ վերջերս նման դեպք է եղել, երբ 80-ն անց մի կին Վրաստանից Հայաստան տեղափոխվելիս փորձել է ներմուծել «Բենթլի» մակնիշի մեքենա: Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասել է, որ ակնկալում են, որ տարեկան 2-ից 3 հազար ընտանիք կդիմի այս արտոնությունից օգտվելու համար: Շուշանիկ Ներսիսյանն էլ ընդգծել է, որ վերադարձողների թիվը, որ դիմում են արտոնություն ստանալու, նվազագույնը 5-6 անգամ ավելացել է:
«Շատ ավելի արտոնություն ենք տրամադրել, քան երբևէ դիմածների թիվն էր»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը: