Ազգային ժողովում այսօր քննարկվում է կառավարության ներկայացրած՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում և շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին օրենքում փոփոխությունների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է, որ փոփոխություններով դուինգ բիզնեսի ցուցիչը կբարելավվի, քանի որ վարկերի ստացման ցուցիչով ներկայումս 48-րդն ենք:
Պատգամավոր Արտակ Մանուկյանը, անդրադառնալով նախագծին, ընդգծել է, որ 2019 թվականին Հայաստանի Doing business-ով արժեքային գնահատականը 73.2 է եղել, իսկ 2020-ին տեղի է ունեցել բարելավում՝ 74.5, բայց դա հանգեցրել է նրան, որ տեղով 41-րդ դիրքից նահանջել ենք 47: Մանուկյանն ընդգծել է, որ թիրախավորելով տեղը՝ բացառված չէ, որ այլ երկիր շատ արագ տեմպերով իրականացնի բարեփոխումներ, և մեր վերջնական կարգավորման ազդեցությունը կունենա դրական վեկտոր, բայց տեղի առումով զարգացումներ չենք ունենա: Պատգամավորի խոսքով՝ պետք է դա ևս հաշվի առնել, խոսել ոչ թե տեղի, այլ՝ արժեքների մասին: