ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր գործադիր կոմիտեի անդրանիկ նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել 4 հարց:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ներկայացրել է հաշվետվություն ազգային հավաքականում իր կատարած աշխատանքի վերաբերյալ: ՀՖՖ գործկոմի անդամները հարցեր են ուղղել Աբրահամ Խաշմանյանին: Հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն: ՀՖՖ գործկոմը որոշել է հաշվետվությանն անդրադառնալ և դրան տալ ամբողջական գնահատական ՀՖՖ գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում:
ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկել և քվեարկությամբ հաստատել է ՀՖՖ մշտական կոմիտեների նոր կազմերը:
ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվել է ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե՝ բարձրագույն և առաջին խմբերի ղեկավարների մասնակցությամբ:
Օրակարգի վերջին կետով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով հաստատվել է ՀՖՖ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը: ՀՖՖ գործադիր կոմիտեն միաձայն քվեարկել է Արթուր Ազարյանի՝ ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման օգտին: