ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կրկին հրավիրված է ելույթ ունենալու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբի հետ: Այս անգամ Սիցիլիայի մարաքաղաք Պալերմոյում կայանալիք համերգին Թոփչյանի հետ հանդես կգա նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ հիմնադիր և խմբավար Սոնա Հովհաննիսյան:
Համերգները տեղի կունենան հունվարի 24-ին և 25-ին Politeama Garibaldi թատրոնում (Պալերմո): Ծրագրում կհնչի Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը և Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան:
Համերգին մասնակցում են Միխայիլ Ռիսսովը (բաս), Սալվատորե Մագացցուն (շեփոր), Մարիա Գրացիա Դ՛Ալեսսիոյին (անգլիական եղջերափող):
«Ուրախ եմ կրկին ելույթ ունենալ Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբի հետ, այն էլ՝ այսպիսի գեղեցիկ ու յուրահատուկ ծրագրով: Ծրագրում հնչելու է Շոստակովիչի «Բաբի Յառ» սիմֆոնիան, որը երաժշտական ու դրամատուրգիական առումով շատ բարդ ու ազդեցիկ ստեղծագործություն է: Կրկնակի ուրախ եմ, որ այդ գործը կատարելու ենք «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ: Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարչելլո Պաննին ինձ խնդրեց «Բաբի Յառի» կատարման համար ռուսերենին լավ տիրապետող և ճիշտ շեշտադրությամբ երգող երգչախումբ առաջարկել, և ես ընտրեցի «Հովերը»: Այս երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, իմ երկար տարիների հավատարիմ գործընկերն է, ես բարձր եմ գնահատում գործի հանդեպ նրանց պատասխանատու վերաբերմունքն ու մասնագիտական բարձր որակները: Մեծ անհամբերությամբ եմ սպասում Պալերմոյում կայանալիք մեր ելույթներին»,- տեղեկացրել է Էդուարդ Թոփչյանը:
«Հովեր» երգչախմբի հիմնադիր, ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը հավելեց. «Երգչախմբի հետ աշխատանքներն ամբողջովին ավարտված են: Այս ստեղծագործությունը ներկայացնելու ենք «Հովեր» երգչախմբի բաս-բարիտոնների կազմով, որը համալրվել է կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի ուսանողներով և Ազգային ակադեմիական երգչախմբի հրավիրյալ երգիչներով: Երաժշտական առումով պատրաստ լինելուց բացի, խորապես ուսումնասիրել ենք ստեղծագործության նախապատմությունը: Հատկապես ուրախ ենք, որ այս ծրագիրն իրականություն կդառնա Թոփչյանի ղեկավարությամբ. նա մեր ամենանախընտրելի դիրիժորներից է: Անհամբերությամբ սպասում եմ հայ և իտալացի երաժիշտների համատեղ փորձերին»:
Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան գրված է Եվգենի Եվտուշենկոյի համանուն բանաստեղծության հիման վրա, որում նկարագրվում է, թե ինչպես են ֆաշիստները գազանաբար հաշվեհարդար տեսնում հրեաների հետ Կիևից ոչ հեռու՝ Բաբի Յառ կոչվող տեղանքում: Հինգ մասից բաղկացած սիմֆոնիան փոխանցում է այդ դեպքերի ողջ արհավիրքն ու ողբերգությունը: «Բաբի Յառ» սիմֆոնիայի պրեմիերան տեղի է ունեցել 1962 թ. դեկտեմբերին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում՝ դիրիժոր Կիրիլ Կոնդրաշինի ղեկավարությամբ:
Ծրագրում կհնչի նաև Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը՝ գրված շեփորի, անգլիական եղջերափողի և լարայինների համար: Այն գրվել է երիտասարդ Իրվին Շոուի թատերական ստեղծագործության համար: «Խաղաղ քաղաքը» բացառիկ նրբագեղությամբ օժտված երաժշտական ստեղծագործություն է: Պրեմիերան եղել է Նյու Յորքում 1941 թ. հունվարի 28-ին՝ դիրիժոր Դանիել Սայդենբերգի զեկավարությամբ:
Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի առաջին համերգները տեղի են ունեցել 2019 թ. մարտի 15-ին և 16-ին: Ծրագրում հնչել է Շոստակովիչի Թիվ 6 սիմֆոնիան, Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի Լյա մինոր թավջութակի կոնցերտը և Մոցարտի Լյա մաժոր կլարնետի կոնցերտը, մենակատարներ՝ Լուդովիկա Ռանա (թավջութակ) և Ալեսանդրո Կարբոնարե (կլարնետ):