«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանում երբևէ այսքան ուժեղ ընդդիմություն չի եղել: Որպես ապացույց՝ Մակունցը նշել է, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ է ընտրվել ընդդիմության ներկայացուցիչ, և վստահություն է հայտնել, որ նախկինում նման բան չէր կարող լինել:
«Սուպերվարչապետական համակարգում մենք ունեինք ընդդիմություն, որն իր լիազորություններում ու գործառույթներով սահմանափակ էր: Ես չեմ հիշում, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լինի այնքան ուժեղ, որքան այսօր է: Այսինքն՝ այն, ինչ մենք անվանել ենք «սուպերվարչապետական համակարգ», չենք սպասում, որ աշխատանքային խումբ ձևավորվի ու դրանով քայլեր ձեռնարկենք դրա դեմ, այլ ամենօրյա քայլերով փորձում ենք հնարավորինս բալանսավորել իշխանությունը և լծակներ տալ ընդդիմությանը»,- ասել է Մակունցը: