Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկած 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանում քննարկվում է կառավարության ներկայացրած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է, որ օրենքների փաթեթով ներկայումս երկրում գործող պետական ծառայության 12 տեսակում կատարվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համապատասխանեցումներ, քանի որ այդ ծառայությունների մասին համապատասխան օրենքներով կան հատվածական կարգավորումներ:
Գրիգորյանը նշել է, որ օրենքների նախագծերում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարվել են որոշակի փոփոխություններ. դատական ծառայությունից հանվել են այն ծառայության տեսակները, որոնք մինչ այդ օրենքների առաջարկվող փոփոխություններով պետք է շարունակեին մնալ դատական ծառայողներ: Առաջարկվում է դատավորի օգնականի պաշտոնը դարձնել հայեցողական և նախատեսել նաև նրա վարձատրության չափը: Փոփոխությունը կլուծի նաև պրակտիկայում ստաժների խնդիրը, քանի որ նշված դեպքում դատավորի հայեցողական պաշտոնի համար ստաժ նախատեսված չի լինելու:
Նախատեսվում է կատարել փոփոխություններ քրեակատարողական ծառայության, փրկարար ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքներում: Ներկայացված փոփոխությունները վերաբերում են կոչումների շնորհմանը: Գրիգորյանն ընդգծել է, որ օրենքների նախագծով նախատեսվել են կարգավորումներ նրանց կոչումների շնորհման համար: Նախատեսվել է նաև «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխության իրականացում:
Եթե փաստաբանն անցնում էր հանրային ծառայության, ապա նրա արտոնագիրը կասեցվում էր 5 տարի ժամկետով: Նախատեսվում է, որ 5 տարվա ժամկետային սահմանափակումը դուրս է գալիս, և զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո մեկ տարվա ընթացքում փաստաբանի արտոնությունը վերականգնելու համար դիմում կարող է ներկայացվել: