Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` ՀԲ առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հանդիպմանը քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրակարգը, դրա իրականացման համար տեխնիկական առաջադրանքը: Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկը տեխնիկական աջակցություն է տրամադրում ծրագրի ներդրման օրակարգին:
Ադաննա Ճուկվուման նշել է, որ 4-օրյա այցի ընթացքում ՀԲ պատվիրակությունը նախատեսում է իրականացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորման համար հարկաբյուջետային հնարավորությունների գնահատում, տնտեսության և առողջության վրա ազդեցության հաշվարկային ընդհանուր հավասարակշռության մոդելների կառուցում և եկամուտների մոբիլիզացման տարբերակների ֆիսկալ ազդեցության գնահատում։
Քննարկման ընթացքում առաջարկվել է իրականացնել վերլուծական աշխատանք և քննարկումներ տարբեր շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխումների բաղադրիչների, հարկաբյուջետային հետևանքների և առողջության ու տնտեսական արդյունքների վրա հնարավոր ազդեցությունների շուրջ:
Ուշադրության կենտրոնում է եղել նաև առողջապահական ծառայությունների գնման և ապահովագրության բնագավառում Հայաստանի և համաշխարհային փորձի՝ վերջերս ավարտված գնահատումը։
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համակարգային ծրագրերին աջակցելու համար և շեշտել, որ օրակարգի առաջմղումը կնպաստի ընդհանուր համակարգի զարգացմանը: