Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales Group-ի՝ միջազգային զարգացման հարցերով Լատինական Ամերիկայում և Եվրասիայում գլխավոր փոխնախագահ Հերվե Դեմանի և ընկերության նախկին փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ։
Զրուցակիցները շարունակել են ընկերության ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և համագործակցության հավանական ուղղությունների շուրջ քննարկումները, անդրադարձել են նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործակցությանը, մասնավորապես, արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:
Եվս մեկ անգամ ընդգծելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության իրենց պատրաստակամությունը` ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ Հայաստանը ունի բարձրակարգ մարդկային կապիտալ, լավ կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, ինչը Thales-ի նման ընկերության համար շատ կարևոր է և ամուր հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար: