Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսը մեկ շաբաթ առաջ տառապում էր անտառային հրդեհներից, հուսահատ հետևում էր կրակի տարածմանը: Հիմա էլ նույն նահանգում և մայրաքաղաք Կամբերայի շրջանում գետինը ծածկվել է գոլֆի գնդակի մեծության կարկուտով՝ մեծ վնաս պատճառելով մի շարք խոշոր քաղաքների: Ջարդվել են մեքենաների ապակիներ, կոտրվել ծառի ճյուղեր, սպասվում են նաև ջրհեղեղներ: Այս աղետից ժամեր առաջ էլ նույն նահանգում մոլեգնել է ավազե մրրիկը, որի բարձրությունը հասել է մի քանի մետրի, իսկ արագությունը՝ ժամում 100 կիլոմետրի: Ի դեպ, Ավստրալիայի մի քանի նահանգում էլ, այդ թվում՝ Նոր Հարավային Ուելսի հարավային մասում, հրդեհները չեն մարում: