ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին:
Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Ռամիրեսի այցը և Հայաստանում ունեցած շփումները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մեքսիկայի միջև աշխարհագրական հեռավորությունը չի կարող խանգարել հարաբերությունների հետագա ջերմացմաը, որոնց մեջ մեծ դեր կարող են ունենալ միջխորհրդարանական հարաբերությունները: Արարատ Միրզոյանը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի համատեղ աշխատանքները կնպաստեն, որպեսզի Հայաստանի և Մեքսիկայի խորհրդարանների միջև շփումներն արդյունավետ լինեն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ միջխորհրդարանական հարթակներում:
Արարատ Միրզոյանն ու Ադոլֆո Տոռես Ռամիրեսը խոսել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի այն խորհրդարանների շարքը, որոնք, պատմական արդարության սկզբունքից ելնելով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նաև շեշտել է, որ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է հավասարակշիռ դիրքորոշում Արցախի խնդրում:
Ադոլֆո Տոռես Ռամիրեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաև խոստացել ջանքեր գործադրել, որպեսզի տեսանելի դառնա Արցախի Հանրապետությունում այս պահին տիրող իրավիճակը: Նա շեշտել է, որ իրավիճակի հանգուցալուծումը, անշուշտ, խաղաղությունն է: Ադոլֆո Տոռես Ռամիրեսն իր մեծագույն ցանկությունն է հայտնել, որպեսզի Մեքսիկայի և Հայաստանի միջև համագործակցությունն առավել խորանա, և Արարատ Միրզոյանին հրավիրել է Մեքսիկա:
«Կարծում եմ, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահի այցը Հայաստան, ինչպես նաև Ձեր փոխադարձ այցը Մեքսիկա՝ պատմական առումով հարաբերությունների զարգացման նոր փուլ կարձանագրեն»,- նշել է Ադոլֆո Տոռես Ռամիրեսը:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել մանրամասն տեղեկությունների համար՝ նշելով, որ սիրով Հայաստանում կհյուրընկալի իր մեքսիկացի գործընկերոջը, և ինքն էլ սիրով կայցելի Մեքսիկա:
«Ուրախությամբ լսեցի ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ կան այս ուղղություններով, և ի վերջո կհաջողենք: Մեր օրակարգում նաև բազմաթիվ այլ հարցեր կան և վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ մեր խորհրդարանները կհաջողեն այս ուղղություններով ևս արդյունավետ աշխատանքներ ծավալել: Որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ մշտապես պատրաստ եմ աջակցել ձեր համատեղ նախաձեռնություններում»,- վստահեցրել է Արարատ Միրզոյանը: