Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆինանսների նախարարության կազմակերպած «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում էին Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է.
«Ինչպես գիտեք, 2019 թվականի նոյեմբերի վերջին կառավարությունը հաստատել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը: Ավելորդ է ասել, որ սա կարևորագույն ռազմավարություններից մեկն է՝ խարսխային ռազմավարություն, և որի տեսլականն է՝ ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը: Մենք նախատեսում ենք ռազմավարությամբ ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն: Սկզբունքներ, որոնք երկար քննարկված են: Մի կողմից շատ պարզ են, միևնույն ժամանակ, կարծում եմ, վերահաստատման կարիք ունեն ռազմավարությամբ, որպեսզի մենք բոլորս հասկանանք, թե որ ուղղությամբ ենք շարժվում և ինչ վերջնական նպատակներ ունենք:
Նախանշված տեսլականի իրագործման գործում կառավարությունը որդեգրել է ավելի նախաձեռնողական և թափանցիկ գործելակերպ: Կառավարության կողմից նախաձեռնած այս համաժողովը պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումների թափանցիկության և ներառականության ապահովման կարևոր բաղադրիչ է և նպատակ ունի ձեզ՝ մեր գործընկերներին, ներկայացնել բարեփոխումների օրակարգը՝ ի ցույց դնելով փոփոխությունների իրականացման քաղաքական կամքը և որոշակիացնել դոնոր հանրության հետ համագործակցությունը և բարձրացնել դրա արդյունավետությունը:
Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է դոնոր համայնքի ներգրավվածությունը Ռազմավարության իրագործման գործում և արձանագրում է, որ այդ կառուցողական համագործակցության շնորհիվ է նաև հնարավոր դարձել վերջին շրջանում պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացնել առանցքային փոփոխություններ։ Մեր դիտարկմամբ նշված համագործակցությունն ունի ընդլայնման ներուժ, որի իրացումը հնարավոր է համատեղ ջանքերի համախմբմամբ։
Լիահույս ենք, որ այսօրվա քննարկումները կլինեն արդյունավետ՝ նպաստելով բարեփոխումների հետագա քայլերի իրականացմանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացիների:
Շնորհակալություն: Ես կրկին ուզում եմ ասել հետևյալի մասին, որ, իրոք, մենք տրամադրված ենք և ծրագրում ենք մեր ռազմավարությունների իրական քննարկման ձևաչափեր նախագծել և իրականացնել, որովհետև համագործակցությունը դոնորների հետ ռազմավարությունների մշակման և ռազմավարություններով նախանշված ծրագրերի իրականացման գործում մենք բարձր ենք գնահատում: Կարծում եմ՝ տվյալ ռազմավարության քննարկումը կլինի ընդհանրապես ռազմավարության քննարկման ձևաչափ, որը, եթե հաջողվի, ապա, կարծում եմ, կտիրաժավորվի, և մենք մեր քննարկումները ռազմավարությունների շուրջ կկառուցենք նաև այս ձևաչափով»: